Գյումրիում ձմռան շունչն արդեն զգացնել է տալիս. Բազմաթիվ ընտանիքներ դեռ շարունակում են պատսպարվել տնակներում: Ինչպես տեղեկացնում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն, տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքներ ձմռան պատրաստություն են տեսնում` աղբանոցներից հավաքում և տան պահոցներ են տեղափոխում ինչ պատահի` պլաստմասե իրեր, անվադողեր, թուղթ, հնամաշ հագուստներ և այլն: Թեև «Շիրակ կենտրոնը» ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի օժանդակությամբ կուտակել է որոշակի քանակությամբ վառելափայտ, բայց դա բավարար չէ ապահովելու գոնե առավել անմխիթար վիճակում գտնվող կարիքավոր անօթևան ընտանիքների վագոն-տնակները ջեռուցելու համար անհրաժեշտ վառելափայտի նվազագույն չափաբաժինը: ՈՒստի, Կենտրոնը կոչ է անում մեր հայրենակիցներին` վառելափայտով օգնել Գյումրու տնակային ավաններում բնակվող առավել անապահով ընտանիքներին:
Հարկ է նշել, որ բոլորովին վերջերս, Գյումրիի քաղաքապետարանում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ժամանակ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը հայտնեց, որ 2013-14թթ. աղետի գոտում 1315 բնակարան կկառուցվի. «Մենք նախագահին զեկուցել ենք աղետի գոտում բնակարանաշինության ընթացքի մասին: Մենք այն վերսկսել ենք 2013թ. սեպտեմբերի», – ասել է նախարարը և հիշեցրել, որ բնակարան ստանալու համար փաստաթղթերի ներկայացման ժամկետը 2011թ. նոյեմբերից երկարացվել էր մինչև 2012թ. դեկտեմբերի վերջը: Հայտերի ավելացման հետ կապված՝ շինարարությունը վերստին նախագծելու անհրաժեշտություն էր ծագել: Այդ պատճառով նոր բնակարանների շինարարության հարցը փոքր-ինչ ձգձգվել էր:
Ըստ տեղեկությունների, աղետի գոտում պետական շինաշխատանքների ընդհանուր ծավալը կկազմի 85 մլրդ դրամ: 2008թ. մեկնարկած ծրագրով արդեն 3760 բնակարան է կառուցվել: Մինչև 2013թ. վերջը և 2014թ. առաջին կիսամյակը նախատեսվում է կառուցել ևս 1315 բնակարան:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ